Ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցին
🗓️2025 թ. մայիսի 5
Ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցին
Ձեր առաջին տպավորությունը կարող է որոշել ամբողջ հարցազրույցի ելքը: Պատշաճ նախապատրաստումը կօգնի Ձեզ առավել վստահ և պրոֆեսիոնալ ներկայանալ և աչքի ընկնել այլ թեկնածուներից: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցին պատրաստվելու լավագույն խորհուրդները՝ հարմարեցված հայաստանյան իրականությանը:
1. Ուսումնասիրեք ընկերությունը
Գործատուները կարևորում են թեկնածուների տեղեկացված լինելը:
- Ուսումնասիրեք ընկերության պաշտոնական կայքը և սոցիալական ցանցերը
- Տեղեկացեք ընկերության արժեքների, մշակույթի և վերջին նախաձեռնությունների մասին
- Համեմատեք ընկերությունը մրցակից կազմակերպությունների հետ:
2. Ուսումնասիրեք հաստիքը
- Մանրամասն կարդացեք աշխատանքի հայտարարությունը՝ հասկանալու համար պահանջվող հմտությունները
- Պատրաստեք հստակ օրինակներ ձեր աշխատանքային փորձից՝ իրավիճակ, խնդիր, ձեր գործողությունը և արդյունքը, որին հասել եք:
3. ԸՆտրեք համապատասխան հագուստ
Խուսափեք չափազանց վառ աքսեսուարներից, վառ արտահայտված դիմահարդարումից և սուր հոտով օծանելիքից: Առաջին տպավորությունը հիմնված է ձեր արտաքին տեսքի վրա: Կրեք հարմարավետ հագուստ, որի մեջ ձեզ կզգաք ինքնավստահ:
- Պաշտոնական ոլորտի աշխատանքների համար ընտրեք գործնական կոստյումներ /business casual/
- Առցանց հարցազրույցի ժամանակ հագնվեք այնպես, ինչպես իրական հարցազրույցի ժամանակ:
4. Պատրաստեք պատասխաններ տարածված հարցերի համար
Պատասխանները նախապես մտածեք ու բարձրաձայն փորձեք: Հարցազրույցի ժամանակ ձեզ կարող են տալ հետևյալ հարցերը՝
- Պատմեք ձեր մասին
- Ինչո՞ւ որոշեցիք մեզ դիմել
- Որոնք են ձեր ուժեղ ու թույլ կողմերը
- Ինչո՞ւ թողեցիք նախորդ աշխատանքը:
5. Պատրաստեք ձեր հարցերը
Հարցեր տալը ցույց է տալիս ձեր հետաքրքրությունը տվյալ ընկերության և աշխատանքի վերաբերյալ.
- Ի՞նչ ակնկալիքներ ունեն տվյալ հաստիքին դիմած մասնագետից
- Ինչպե՞ս են գնահատում աշխատակցի արդյունավետությունը
- Ինչպե՞ս է կատարվում ընտրության գործընթացը:
Ճշտապահությունը Հայաստանում դիտվում է որպես հարգանք և կարգապահություն: Հարցազրույցին պետք չէ մոտենալ ոչ շատ ուշ, ոչ շատ շուտ:
- Հարցազրույցի վայր ներկայացեք 5 րոպե շուտ
- Առցանց հարցազրույցի դեպքում՝ նախապես ստուգեք ինտերնետը, տեսախցիկը և ձայնը:
Հարցազրույցի ավարտին գործատուները սովորաբար ներկայացնում են, թե որքան ժամանակ հետո են պատրաստվում տեղյակ պահել հարցազրույցի արդյունքի մասին:
- Հակիրճ հայտնեք ձեր հետաքրքրությունը և շնորհակալությունը
- Հարցազրույցից հետո՝ եթե ձեզ խոստանում են տեղյակ պահել հստակ ժամկետից հետո, ապա պետք է սպասեք և այն լրանալուց հետո միայն կարող եք գրել նամակ /follow up/
- Հարցազրույցից հետո գործատուն կարող է նշել, որ եթե նշված ժամկետում իրենց կողմից պատասխան չստանաք, ապա դա կնշանակի, որ տվյալ փուլը չեք անցել։
Խորհուրդ՝ եղեք վստահ առանց մեծամտության:
Անկեղծ եղեք, լսեք ուշադրությամբ և աշխատեք ստեղծել երկկողմանի շփում:
Կարևոր է հիշել.
Գործատուի կողմից տրվող ցանկացած հարցի պետք է պատասխանել հանգիստ ու հավասարակշռված՝ առանց նյարդայնանալու։ Պետք է պատրաստ լինեք տարբեր տեսակի հարցերի՝ իրավիճակային, սթրեսային, երբեմն նույնիսկ առաջին հայացքից անիմաստ թվացող։ Այս հարցերը հաճախ ուղղվում են ձեր սթրեսադիմացկունությունը, լարված իրավիճակներում աշխատելու և անսպասելի իրավիճակներում լուծումներ գտնելու կարողությունը գնահատելու նպատակով։