Ձեր աշխատանքային իրավունքները
Հարց 1. Որքա՞ն է նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանի Հանրապետությունում:
ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 75000 դրամ:
Հարց 2. Ո՞րն է էլեկտրոնային աշխատանքային պայմանագրի կնքման կարգը:
2025 թվականի հուլիսի 1-ից ՀՀ-ում գործարկվում է պետական հատուկ պորտալ՝ ՊԵԿ-ի կողմից, որտեղ գործատուները պետք է մուտք գործեն իրենց հաշվով և լրացնեն պայմանագրի պարտադիր դաշտերը (օրինակ՝ աշխատավարձ, աշխատանքի տեսակը, ժամկետը, աշխատանքային ժամերը և այլն)։ Դրանից հետո գործատուն պայմանագիրը ստորագրում է էլեկտրոնային ստորագրությամբ կամ լիազորում է այլ անձի դա անել։ Աշխատողը իր էլ. հասցեով ծանուցում է ստանում, մուտք է գործում «Ես եմ» հարթակ, ծանոթանում պայմանագրին և էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում այն։ Այսպիսով, պայմանագիրը համարվում է իրավաբանական ուժ ունեցող։ Համակարգը թույլ է տալիս նաև պայմանագրում փոփոխություններ կատարել, հավելյալ պայմաններ ավելացնել կամ ձևակերպել աշխատանքից ազատման հրաման։ 2025-ի հուլիսից մինչև տարվա վերջ այս գործընթացը կամավոր է, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից դառնում է պարտադիր բոլոր գործատուների և աշխատողների համար։
Հարց 3. Ե՞րբ պետք է աշխատողը անցնի աշխատանքի աշխատանքային պայմանագիրը ստորագրելուց հետո:
Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:
Հարց 4. Որքա՞ն է աշխատաժամանակի նորմալ տևողությունը:
Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
Հարց 5. Որքա՞ն է ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը:
Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել 8 աշխատանքային ժամից բացառությամբ օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:
Հարց 6. Որքա՞ն է աշխատաժամանակի առավելագույն տևողությունը:
Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:
Հարց 7. Որքա՞ն է կազմում հերթապահություն իրականացնող առանձին կատեգորիայի աշխատողների առավելագույն աշխատաժամանակը:
Անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հարց 8. Աշխատողը կարո՞ղ է տարբեր գործատուների կամ միևնույն գործատուի մոտ աշխատել միաժամանակ երկու և ավել աշխատանքային պայմանագրերով:
Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Սույն մասով սահմանված պահանջի կատարման պարտականությունը տարբեր գործատուների մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատելու դեպքում կրում է աշխատողը, բացառությամբ այն դեպքի, երբ գործատուն աշխատողի կողմից գրավոր տեղեկացվել է աշխատողի համատեղությամբ աշխատելու վերաբերյալ:
Հարց 9. Գիշերային ժամանակը ո՞ր ժամից որ ժամն է համարվում:
Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:
Հարց 10. Գիշերային ժամանակի աշխատանքի համար որքա՞ն հավելավճար է պարտավոր վճարել գործատուն:
Գիշերային աշխատանքի դեպքում գործատուն աշխատողին պետք է վճարի հավելում յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով.
Հարց 11. Որքա՞ն պետք է լինի արտաժամյա աշխատանքի տևողությունը
Արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը, բացառությամբ ՀՀ ԱՕ 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքերի:
Հարց 12. Արտաժամյա աշխատանքի համար որքա՞ն հավելում պետք է վճարի գործատուն:
Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով:
Հարց 13. Աշխատանքի ժամանակացույցով չնախատեսված հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:
Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
Հարց 14. Որքա՞ն է ամենամյա նվազագույն արձակուրդի օրերի քանակը:
Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
Հարց 15. Ու՞մ պետք է տրամադրվեն հատուկ ընդմիջումներ:
Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն մինչև 18 տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը (նվազագույնը 30 րոպե), այն աշխատողներին, որոնց աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող պայմաններում կամ այն դեպքերում, երբ աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի:
Հարց 16. Ո՞ր աշխատողներն ունեն երկարացված արձակուրդի իրավունք:
Երկարացված ամենամյա արձակուրդ տրամադրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 25 աշխատանքային օր տևողությամբ, և վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 30 աշխատանքային օր (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) Նման արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հարց 17. Ո՞ր աշխատողներն ունեն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:
Ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է` աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին, չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին, հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին: Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հարց 18. Աշխատողները կարո՞ղ են օգտագործել իրեն հասանելիք արձակուրդի օրերը մասերով:
Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:
Հարց 19. Ինչպե՞ս է տրամադրվում ամենամյա արձակուրդը աշխատողներն:
Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում` ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին աշխատողի կողմից գործատուին ներկայացված դիմումի հիման վրա գործատուի ընդունած անհատական իրավական ակտով:
Հարց 20. Աշխատողը ե՞րբ իրավունք ունի գնալ արձակուրդ:
Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ դեպքերի: Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի` տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: