Ինչպե՞ս խնդրել աշխատավարձի բարձրացում․ ճիշտ պահը, փաստարկները և խոսակցության կառուցվածքը
Հեղինակ՝ Մերի Հարությունյան | 2,5 տարվա մասնագիտական փորձ
Ինչպե՞ս խնդրել աշխատավարձի բարձրացում․ ճիշտ պահը, փաստարկները և խոսակցության կառուցվածքը։
Աշխատավարձի բարձրացման մասին խոսելը հեշտ չէ։ Նույնիսկ երբ վստահ ենք, որ լավ ենք աշխատում, և մեր պատասխանատվությունն ավելացել է, հաճախ չգիտենք՝ ինչպես սկսել այդ խոսակցությունը։ Սպասում ենք հարմար պահի, մտածում՝ գուցե ղեկավարն ինքը նկատի մեր ներդրումը, կամ այնքան ենք հետաձգում, մինչև հարցը սկսում է մեզ իսկապես անհանգստացնել։
Իրականում աշխատավարձի վերանայման մասին խոսակցությունը շատ ավելի հեշտ է կառուցել, երբ սկսում ենք ոչ թե «Ես ուզում եմ ավելի բարձր աշխատավարձ» մտքից, այլ մեկ պարզ հարցից․ «Ի՞նչ է փոխվել իմ աշխատանքի, պատասխանատվության և կազմակերպությանը տված արժեքի մեջ»։
Իրական իրավիճակ, երբ «ես շատ եմ աշխատում» փաստարկը բավարար չէ։
Պատկերացնենք բավականին ծանոթ իրավիճակ։
Աշխատակիցը շուրջ երկու տարի աշխատում է նույն ընկերությունում։ Սկզբում նրա պարտականությունները հստակ էին, բայց ժամանակի ընթացքում աշխատանքը փոխվել է։ Նա սկսել է մասնակցել նոր նախագծերի, անհրաժեշտության դեպքում փոխարինել գործընկերներին, ղեկավարության համար հաշվետվություններ պատրաստել և ինքնուրույն լուծել հարցեր, որոնցով նախկինում զբաղվում էր իր ղեկավարը։
Այսինքն՝ աշխատանքն ու պատասխանատվությունն ավելացել են, իսկ աշխատավարձը մնացել է նույնը։
Մի օր աշխատակիցը որոշում է խոսել ղեկավարի հետ և ասում է․
«Ես արդեն երկու տարի է՝ աշխատում եմ այստեղ, բավականին ծանրաբեռնված եմ և կարծում եմ, որ արժանի եմ աշխատավարձի բարձրացման»։
Ղեկավարը պատասխանում է, որ տվյալ պահին բյուջեն սահմանափակ է, և առաջարկում է հարցին ավելի ուշ վերադառնալ։
Ի՞նչը չաշխատեց։
Խնդիրը աշխատակցի ցանկությունը չէր։ Պարզապես նա խոսեց իր ջանքերի, բայց գրեթե ոչինչ չասաց իր ստեղծած արժեքի մասին։
Մի քանի ամիս անց նա նորից է բարձրացնում նույն հարցը, բայց այս անգամ՝ պատրաստված։ Ներկայացնում է, որ վերջին տարվա ընթացքում ստանձնել է երեք նոր գործառույթ, մասնակցել է երկու կարևոր նախագծի, ավտոմատացրել է պարբերական հաշվետվություններից մեկը՝ զգալիորեն կրճատելով դրա պատրաստման ժամանակը, և այսօր արդեն կատարում է աշխատանքներ, որոնք սկզբում իր պարտականությունների մեջ չէին մտնում։
Այս անգամ խոսակցության հիմքում այլ միտք էր․«Իմ դերն ու պատասխանատվության ծավալը փոխվել են»։
Եվ խոսակցությունն էլ այլ ընթացք ունեցավ․ կողմերը քննարկեցին աշխատավարձի վերանայման հնարավորությունը և պայմանավորվեցին կոնկրետ ժամկետի ու հաջորդ քայլերի շուրջ։
Ինչո՞ւ է երկրորդ մոտեցումն ավելի արդյունավետ։
Աշխատավարձի բարձրացում խնդրելիս կարևոր է տարբերակել անձնական կարիքը և մասնագիտական փաստարկը։
«Ծախսերս ավելացել են», «Երկար ժամանակ է՝ աշխատավարձս չի փոխվել» կամ «Ինձ ավելի բարձր աշխատավարձ է պետք» մտքերը բնական ու հասկանալի են։ Բայց ղեկավարի տեսանկյունից մնում է մեկ կարևոր հարց՝ ինչու պետք է վերանայվի տվյալ աշխատակցի վարձատրությունը։
Այստեղ արդեն ավելի համոզիչ են պատասխանատվության աճը, նոր գործառույթների ստանձնումը, չափելի արդյունքները, ժամանակի կամ ռեսուրսների խնայողությունը և բարդ խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունը։
Պարզ ասած՝ փորձե՛ք ցույց տալ ոչ միայն, որ ավելի շատ եք աշխատում, այլ որ ավելի մեծ արժեք եք ստեղծում։
Ե՞րբ է ճիշտ բարձրացնել աշխատավարձի հարցը։
Հարմար պահ ընտրելը նույնպես կարևոր է։ Միայն այն, որ վերջին բարձրացումից մեկ տարի է անցել, դեռ բավարար փաստարկ չէ։
Ավելի լավ պահ է, երբ Ձեր աշխատանքում իրական փոփոխություն կա․ օրինակ՝ հաջողությամբ ավարտել եք կարևոր նախագիծ, նոր պատասխանատվություն եք ստանձնել, բարելավել եք Ձեր արդյունքները կամ փաստացի արդեն ավելի բարձր մակարդակի աշխատանք եք կատարում։
Միաժամանակ արժե հաշվի առնել նաև ընկերության իրավիճակը։ Եթե կազմակերպությունը ֆինանսական բարդ փուլում է կամ կրճատում է ծախսերը, նույնիսկ շատ լավ հիմնավորված առաջարկը կարող է հենց այդ պահին չհաստատվել։
Այսինքն՝ լավագույն պահը սովորաբար այնտեղ է, որտեղ հանդիպում են Ձեր ստեղծած արժեքի աճը և կազմակերպության հնարավորությունը։
Ինչպե՞ս պատրաստվել խոսակցությանը։
Մինչև հանդիպումը փորձե՛ք ինքներդ ձեզ համար պատասխանել չորս պարզ հարցի։
1. Ի՞նչ էր
ակնկալվում ինձանից սկզբում։
Հիշե՛ք Ձեր
սկզբնական պարտականությունները և համեմատե՛ք դրանք այսօրվա աշխատանքի հետ։
2. Ի՞նչ եմ
անում հիմա։
Գրի՛ առեք նոր գործառույթները, պատասխանատվությունը և այն խնդիրները, որոնք նախկինում
չէիք իրականացնում։
3. Ի՞նչ արդյունք
եմ ստեղծել։
Հնարավորության դեպքում խոսե՛ք թվերով։ «Բարելավել եմ գործընթացը» ասելու փոխարեն շատ
ավելի խոսուն է․ «Գործընթացի տևողությունը 3 ժամից կրճատել եմ մինչև 1 ժամ»։
4. Ի՞նչ եմ
ուզում ստանալ այս քննարկումից։
Նախապես հասկացե՛ք Ձեր ակնկալիքը՝ աշխատավարձի կոնկրետ վերանայում, որոշակի միջակայք, թե պարզապես
քննարկում Ձեր նոր պատասխանատվությանը համապատասխան փոխհատուցման մասին։
Ինչպե՞ս սկսել խոսակցությունը։
Աշխատավարձի մասին խոսակցությունը ցանկալի չէ սկսել միջանցքում կամ մեկ այլ հանդիպման վերջում՝ «ի դեպ, մի հարց էլ ունեմ» ձևաչափով։ Ավելի լավ է նախապես առանձին հանդիպում խնդրել։
Օրինակ՝ կարող եք ասել․«Վերջին ամիսներին իմ դերն ու պատասխանատվության շրջանակը բավականին փոխվել են։ Կուզեի միասին քննարկել իմ ներկայիս աշխատանքն ու արդյունքները և հասկանալ՝ արդյոք դրանց համատեքստում հնարավոր է վերանայել նաև իմ վարձատրությունը»։
Հետո ներկայացրե՛ք Ձեր 3–5 ամենաուժեղ փաստարկները։ Պետք չէ թվարկել այն ամենը, ինչ արել եք վերջին մեկ տարում։ Ընտրե՛ք այն օրինակները, որոնք իսկապես ցույց են տալիս Ձեր աճը։
Իսկ եթե պատասխանը «ոչ» է։
«Ոչ»-ը միշտ չէ, որ նշանակում է՝ թեման փակված է։
Եթե պատճառը բյուջեն է, հարցրե՛ք՝ երբ կարելի է վերադառնալ քննարկմանը։ Եթե հարցը Ձեր արդյունքներն են, փորձե՛ք հասկանալ՝ ինչ կոնկրետ արդյունքներ են ակնկալվում ձեզանից։
Օրինակ՝ «Կարո՞ղ ենք պայմանավորվել 2–3 կոնկրետ արդյունքի շուրջ և երեք ամիս հետո նորից վերադառնալ աշխատավարձի վերանայման հարցին»։
Այսպես «հետո կքննարկենք»-ը դառնում է հստակ պայմանավորվածություն։
Ամենատարածված սխալները։
Համեմատվել գործընկերների հետ։ Ավելի լավ է կենտրոնանալ սեփական արդյունքների և դերի վրա։
Սպառնալ հեռանալ։ Մի՛ օգտագործեք դա որպես բանակցային գործիք, եթե իրականում պատրաստ չեք այդ քայլին։
Խոսել միայն ծանրաբեռնվածությունից։ Շատ աշխատելը դեռ ամբողջ պատմությունը չէ։ Ցո՛ւյց տվեք նաև արդյունքը։
Գնալ առանց օրինակների ու թվերի։ Կոնկրետ փաստերը միշտ ավելի խոսուն են։
Սպասել, որ ղեկավարը առաջինը կբարձրացնի հարցը։ Եթե Ձեր դերը փոխվել է, այդ մասին խոսելը լիովին բնական մասնագիտական քայլ է։
Վերջում՝ պարզ բանաձև։
Եթե ամբողջ հոդվածից պետք է հիշել ընդամենը մեկ բան, թող դա լինի սա՝
Փոփոխություն → Արդյունք → Արժեք → Առաջարկ
Ի՞նչ է փոխվել Ձեր աշխատանքում, ի՞նչ արդյունք եք տվել, ի՞նչ արժեք է դա ստեղծել և ի՞նչ եք առաջարկում քննարկել։
Աշխատավարձի բարձրացման մասին խոսակցությունը պարտադիր չէ լինի լարված կամ անհարմար։ Երբ գիտեք՝ ինչ եք արել, ինչ արժեք եք ստեղծել և կարողանում եք հանգիստ ներկայացնել դա, այդ խոսակցությունը դառնում է ոչ թե «ավելին խնդրելու», այլ Ձեր մասնագիտական աճը ճիշտ ներկայացնելու մասին։

Մերի Հարությունյան
HR մասնագետ | 2,5 տարվա մասնագիտական փորձ
Մերի Հարությունյանը հոդվածում կիսվում է աշխատավարձի վերանայման վերաբերյալ իր գործնական դիտարկումներով՝ անդրադառնալով ճիշտ պահին, փաստարկների կառուցմանը և ղեկավարի հետ արդյունավետ խոսակցության ձևաչափին։
03.10.2026 237