Ո՞վ է հավաքագրման մասնագետը և ինչով է նա զբաղվում
🗓️2025 թ. հուլիսի 18
Մասնագիտության նպատակը և նշանակությունը
Ճիշտ մարդիկ՝ ճիշտ տեղում․ սա է յուրաքանչյուր հաջողակ բիզնեսի գաղտնիքը
Հավաքագրման մասնագետը հենց այն մարդն է, ով գտնում է
այդ մարդկանց։
Նրա գործն է՝ կազմակերպել նոր աշխատակիցների
որոնման, նախնական ընտրության և հարցազրույցների վարման գործընթացը։ Միևնույն ժամանակ, նա
ներկայացնում է ընկերությունը թեկնածուներին՝ ստեղծելով առաջին տպավորությունը և
կրելով բրենդի պատկերը։
Հայաստանում այս մասնագիտությունն ունի աճող
պահանջարկ՝ սկսած ՏՏ ոլորտից մինչև վաճառք, բանկային համակարգ, արտադրություն և
սպասարկում։ Շատ հաճախ թիմի հաջող գործունեության հիմքում կանգնած է հենց
հավաքագրման մասնագետը։
Հաճախ այս
մասնագետները հանդես են գալիս նաև որպես կադրերի բաժնի աշխատակից, ՄՌԿ օգնական կամ
տաղանդների ներգրավման մասնագետ։
Ինչպե՞ս մուտք գործել ոլորտ
Եթե դեռ չունեք աշխատանքային փորձ, կարող եք սկսել հետևյալ քայլերով․
- Սկսել որպես ՄՌԿ բաժնի օգնական կամ աշխատակիցների որոնման օգնական
- Մասնակցել ՄՌԿ հիմունքների ու հավաքագրման դասընթացների
- Ստեղծել LinkedIn պրոֆիլ և ակտիվանալ ՄՌ համայնքներում՝ հետևելով աշխատանքային հնարավորություններին ու նոր միտումներին:
Ովքե՞ր կհաջողեն այս մասնագիտությունում
Այս մասնագիտության մեջ կհաջողեն նրանք, ովքեր․
- Սիրում են շփվել և հեշտությամբ հաստատում են կապեր տարբեր մարդկանց հետ
- Հետաքրքրված են մարդկային ռեսուրսների ոլորտով և պատրաստ են շարունակաբար սովորել
- Արագ հարմարվում են փոփոխվող միջավայրին
- Նախաձեռնող են, պատասխանատու և համբերատար
- Ունեն լսելու ու հասկանալու կարողություն՝ դրական միջավայր ստեղծելու համար:
Հիմնական հմտություններ և գիտելիքներ
- Հաղորդակցման հմտություններ
- Բաց ու վստահելի զրույց վարելու ունակություն
- Գրագետ բանավոր և գրավոր խոսք հայերենով, ցանկալի է՝ նաև ռուսերեն և անգլերեն
- Բազմալեզու միջավայրում աշխատելու պատրաստվածություն
- Վերլուծական և մասնագիտական հմտություններ
- Ռեզյումեների վերլուծություն և ճիշտ թեկնածու ընտրելու ունակություն
- Հարցազրույցների կազմակերպում և վարում
- Կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքներին
- Աշխատանք մասնագիտական հարթակներում՝ LinkedIn, աշխատանքային կայքեր, CV բազաներ
- ATS (Applicant Tracking System) համակարգերի իմացություն (առավելություն է):
Կարիերայի աճի հնարավորություններ
Խոշոր ընկերություններում ՄՌԿ ոլորտում կարիերայի աճի հնարավոր ուղին կարող է լինել հետևյալը․
- Սկսել որպես «ՄՌԿ օգնական»
- Շարունակել որպես «Հավաքագրման մասնագետ»
- Ապա դառնալ «Մարդկային ռեսուրսների բիզնես գործընկեր»
- Եվ հասնել մինչև «ՄՌԿ ղեկավար»-ի մակարդակի:
Միջազգային հեռանկար
ՏՏ ոլորտի և հեռավար աշխատանքի տարածման շնորհիվ հավաքագրման մասնագետների աշխատանքը պահանջված է նաև միջազգային աշխատաշուկայում։ Լավ օտար լեզվի իմացությունը հնարավորություն է տալիս աշխատել արտերկրի ընկերությունների համար՝ նույնիսկ հեռավար։
Մեկ օր հավաքագրման մասնագետի կյանքից
Առավոտյան
- Ստուգում է հայտարարություններին արձագանքած դիմումները
- Դասակարգում է ռեզյումեները և կապ հաստատում թեկնածուների հետ:
- Անցկացնում է հարցազրույցներ օնլայն կամ գրասենյակում
- Քննարկում է բաժնի ղեկավարի հետ՝ հասկանալու հաստիքի կարիքները:
- Թարմացնում է հայտարարությունները տարբեր հարթակներում
- Վերլուծում է դիմումների քանակն ու որակը, պլանավորում հաջորդ քայլերը:
Կախված ընկերության չափից և կառուցվածքից՝ հավաքագրման մասնագետի գործառույթները կարող են տարբեր լինել։ Օրինակ՝ խոշոր կազմակերպություններում նա հիմնականում կենտրոնացած է միայն հավաքագրման գործընթացի վրա՝ թեկնածուների որոնում, հարցազրույցներ և աշխատանքի ընդունում։ Բայց փոքր ու միջին բիզնեսներում հավաքագրման մասնագետը շատ հաճախ «մի քանի գլխարկ» է կրում․ բացի հավաքագրումից, նա կարող է զբաղվել նաև նոր աշխատակիցների օնբորդինգով, կադրային փաստաթղթաշրջանառությամբ, ուսուցման և զարգացման կազմակերպմամբ, թիմային մշակույթի ձևավորմամբ։
Այսպիսով, եթե ուզում եք այս մասնագիտության մեջ փորձ ձեռք բերել, փոքր կազմակերպություններում փորձը կարող է դառնալ իսկական «ՄՌԿ դպրոց», որտեղ կսովորեք ոչ միայն մարդկանց գտնել, այլև աշխատակիցների հետ կապված բազմաթիվ այլ գործառույթներ։
Եվ վերջում՝
Եթե փնտրում եք մասնագիտություն, որտեղ կենտրոնում մարդն է, որտեղ ամեն օր կարող եք փոխել մեկի կյանքը, ապա հավաքագրումը հենց այն ճանապարհն է։ Սա պարզապես աշխատող գտնելու գործընթաց չէ։ Դա՝ ճիշտ մարդուն իր տեղում տեսնելու, նրա ներուժը բացահայտելու և ընկերությանը հաջողության տանելու արվեստ է։