Ի՞նչ է ուղեկցող նամակը
🗓️ 2025 թ. մարտի 31
Ի՞նչ է ուղեկցող նամակը և ինչո՞ւ է այն կարևոր:
Այն պետք է լինի անհատական և ինքնատիպ. այն պետք դրական տպավորություն և տրամադրվածություն առաջացնի գործատուի մոտ ձեր նկատմամբ:
Ինքնակենսագրականի հետ մեկտեղ գործատուները հաճախ պահանջում են ուղարկել ուղեկցող նամակ, որի հիմնական նպատակն է՝ ներկայացնել Ձեզ, ձեր մասնագիտական փորձը, հմտություններն ու գիտելիքները, որոնք կարող են օգնել տվյալ ընկերությունում և տվյալ պաշտոնում աշխատելու համար։ Այն չպետք է լինի ձեր ինքնակենսագրականի վերարատադրումը, այլ պետք է ընդգծի այն կարևոր հմտություններն ու ձեռքբերումները, որոնք ձեզ դարձնում են մրցակցային տվյալ հաստիքում դիտարկման համար: Ձեզ մրցակցային թեկնածու ներկայացնելու համար դուք պետք է ունենաք եզակի ոճի ուղեկցող նամակ, որն ամբողջությամբ ընդգծելու է ձեր ձեռքբերումները, հմտություններն ու մոտիվացիան տվյալ հաստիքում աշխատելու համար:
Ինչպե՞ս կազմել ուղեկցող նամակ
1. Վերնագիր
Այն պետք է պարունակի անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և ամսաթիվ, ստացողի պաշտոն, կազմակերպության անուն և հասցե:
2. Ողջույնի խոսք
Եթե գիտեք անուն և ազգանունը տվյալ մարդու, ում ուղարկում եք ուղեկցող նամակը, ապա գրեք այն: Եթե չգիտեք, թե ով է ստացողը, պարզապես կարող եք գրել ստացողի պաշտոնի անվանումը:
3. Նախաբան
Այն կարող է ներառել հաստիքի անունը և այն, թե որտեղից եք տեղեկացել թափուր հաստիքի մասին: Նշեք այն մասին, որ ուսումնասիրել եք հաստիքը և ընկերությունը և հետաքրքրված եք տվյալ ընկերությունում աշխատելու հեռանկարով: Այս հատվածում կարող եք գրել ձեր ստացած կրթության և որակավորումների մասին:
4. Հիմնական պարբերություն
Այս հատվածում պետք է ներկայացնել հակիրճ այն մասին, թե ինչու եք հենց դուք համապատասխանում տվյալ հաստիքին, ընդգծել այն հիմնական ձեռքբերումներն ու հմտությունները, որոնք կարող են օգնել ձեզ հաջողել տվյալ թափուր հաստիքում աշխատելիս: Թե տվյալ հաստիքում աշխատելու համար ինչ է կարևորում գործատուն, կարող եք հասկանալ թափուր հաստիքի հայտարարությունը հանգամանորեն ուսումնասիրելով: Հստակ և չափելի կերպով ներկայացրեք վերջին շրջանում ունեցած ձեր հաջողությունները:
5. Եզրափակիչ պարբերություն
Եզրափակից պարբերությունում նշեք ձեր այն հատկանիշները, որոնք ձեզ օգնելու են լինել տվյալ թափուր հաստիքի համար դիտարկելի թեկնածուների ցանկում: Չպետք է մոռանալ շնորհակալություն հայտնել գործատուին ձեր դիմումը դիտարկելու համար և ևս մեկ անգամ նշել, որ հետաքրքրված եք ձեր կարիերան շարունակել տվյալ ընկերությունում և սպասելու եք դրական պատասխանի հետագա փուլերի հետ կապված:
6. Ստորագրություն
Ուղեկցող նամակ գրելուց հետո այն պետք է ուշադիր աչքի անցկացնել թափոններից խուսափելու համար (վերացնել ավելորդ բացատները (պրաբել), քերականական սխալները, տառասխալները և այլն): Սխալներից խուսափելու համար կարելի է այն կարդալ թարմ գլխով, որի ժամանակ ավելի հեշտ են սխալերը հայտնաբերվում: Եթե ունեք վստահելի ծանոթ կամ ընկեր, կարող եք խնդրել, որ նա նույնպես աչքի անցկացնի: Այս բոլոր քայլերը անելուց հետո կարող եք վստահորեն ուղարկել այն:
Հիշե՛ք, որ դուք միշտ կարող եք խմբագրել այն, բայց երբ սեղմեք «ուղարկել» կոճակը, հետադարձ չկա:
Ուղեկցող նամակ գրելիս կարող եք ուսումնասիրել տարբեր տիպային նմուշներ, սակայն նույնությամբ կրկնօրինակել խորհուրդ չի տրվում:
Օրինակ
Ստորև բերված նամակը կարող եք դիտել որպես օրինակ, սակայն միշտ հարմարեցրեք այն ձեր անձնական փորձին և հաստիքի պահանջներին։
Անուն Ազգանուն
Հեռ․ +374 XX XX XX XX
Էլ․ հասցե․ name.surname@email.com
Ամսաթիվ․ Մարտի 14, 2025
Ստացող՝
Մարդկային ռեսուրսների ղեկավար
[Ընկերության անուն]
[Ընկերության հասցե]
Հարգելի պարոն / տիկին [Ազգանուն],
Տեղեկանալով, որ ձեր կազմակերպությունում բաց է Հաշվապահի հաստիք, ցանկանում եմ ներկայացնել իմ թեկնածությունը։ Վերջին հինգ տարիների ընթացքում աշխատելով ֆինանսական ոլորտում՝ ձեռք եմ բերել փորձ հաշվապահական ծրագրերի, հաշվետվությունների պատրաստման և բյուջետային պլանավորման ոլորտներում։
Իմ աշխատանքային փորձը ցույց է տվել, որ ես կարողանում եմ արդյունավետ աշխատել թիմում, պահպանել հաշվապահական ճշգրտությունը նույնիսկ սեղմ ժամկետներում և մշտապես հետևել օրենսդրական փոփոխություններին։ Օրինակ՝ նախորդ աշխատավայրում ինձ հաջողվեց ավտոմատացնել ամսական հաշվետվությունների պատրաստման գործընթացը, ինչի շնորհիվ ժամանակի ծախսը նվազեց մոտ 30%-ով։
Վստահ եմ, որ իմ մասնագիտական գիտելիքները և մանրուքներին ուշադրությունը կօգնեն ձեր թիմին բարելավել հաշվապահական գործընթացների արդյունավետությունը։ Շնորհակալություն եմ հայտնում դիմումս դիտարկելու համար։
Կսպասեմ հնարավոր հարցազրույցի հրավերին՝ մանրամասն քննարկելու, թե ինչպես կարող եմ օգտակար լինել ձեր կազմակերպությանը։
Հարգանքով՝
Անուն Ազգանուն
Իմացե՛ք, ինչպես կազմել ինքնակենսագրական